Հայաստանը բարելավել է դիրքերը TI Կոռուպցիայի ընկալման համաթվում

30/01/2024

Հայաստանը՝ Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տարեկան վերլուծության արդյունքների համաձայն, բարելավել է դիրքերը և 1 միավոր աճ գրանցել նախորդ տարվա համեմատ (46 ընդհանուր միավորներից հասնելով 47-ի)։ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023թ. աղյուսակում Հայաստանը՝ 180 երկրներից գրավում է 62-րդ տեղը։ Ըատ Transparency International-ի վերլուծական կենտրոնի պարզաբանումների այս տարվա հետազոտության հիմքում ընկած է եղել կոռուպցիայի հարաբերակցությունն արդարադատության համակարգի` դատական համակարգի և իրավապահ մարմինների կայացվածության հետ։ Հիշեցնենք, որ Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում և դասակարգում է պետությունները/տարածքները՝ ըստ փորձագետների և գործարար ոլորտի ղեկավարների կողմից հանրային ոլորտի կոռումպացվածության ընկալման։ Հարկ է նշել, որ շատ դժվար գնահատականի տարի էր, քանի որ Եվրոպական մի շարք պետություններ, ինչպիսիք են Իսլանդիան, Նիդերլանդները, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը, անկում են ապրել և 2023-ին գրանցել են պատմական նվազագույն ցուցանիշներ։ 
Արդարադատության նախարարությունը որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին շարունակելու է ջանքեր գործադրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: