Անցկացվել է հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում

31/01/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումին անդրադարձ է կատարել հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկմանը, որն ամրագրվել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026թթ. գործողությունների ծրագրով որպես հիմնական ուղղություն՝ ընդգծելով վերջինիս հիմնաքարային լինելը հակակոռուպցիոն քաղաքականության հաջողելու հարցում։
Կարեն Կարապետյանն անդրադարձ է կատարել նաև Արդարադատության նախարարի հրամանով հաստատված` Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգին և գործողությունների ծրագրին, որի հիմնական նպատակներն են հանրությանը, տարբեր թիրախային խմբերին, Ռազմավարության հիմնական ուղղությունների, կատարվող աշխատանքների վերաբերյալ արդյունավետ իրազեկման և հասարակության ներառման միջոցով ապահովել հանրային աջակցությունն իրականացվող բարեփոխումներին և հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանրությանը հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների լիազորությունների և գործառույթների շրջանակի վերաբերյալ իրազեկումը։
Կարեն Կարապետյանը ընդգծել է նաև քաղաքացիական հասարակության կարևոր և առանցքային դերակատարումը` հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդման և դրա դեմ պայքարը հասարակության արժեհամակարգի մաս դարձնելու, ինչպես նաև քաղաքացիների մեջ կոռուպցիան անձնապես մերժելու վարքագիծ ձևավորելու հարցում։
Ֆորումի շրջանակում նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ուղղությամբ ամրագրված գործողությունները։
Պետական շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել քննարկումներ և մտքերի փոխանակություն հակակոռուպցիոն կրթությանը և հանրային իրազեկմանն առնչվող հարցերի վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ ամրապնդելու և խորացնելու պետական ու հասարակական սեկտորների միջև համագործակցությունը և մեկտեղելու ջանքերը հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու հարցում։
 Ֆորումը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։