Տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների վերաբերյալ հարցերը քննարկվել են շահագրգիռ մարմինների հետ
01/02/2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ անցկացվել է «Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ» քննարկում:
Լևոն Բալյանը ողջույնի խոսքում նշել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից դատական ակտով կիրառված՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցներն իրականացնելիս գործնականում առաջացել են մի շարք հարցեր, ուստի նմանօրինակ քննարկումները նպաստելու են վերոնշյալ հարցերի լուծմանը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են այլընտրանքային խափանման միջոցների և ազատության սահմանափակում պատժի կատարման ընթացքում գործնականում առաջացող խնդիրները, Էլեկտրոնային հսկողության սարքերի տեխնիկական հնարավորությունները և կիրառման առանձնահատկությունները:
Անդրադարձ է կատարվել օրենսդրությանը, մասնավորապես պայմանավորվածություն է ձեռքբերվել օրենսդրական բացերի պարագայում իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, և էլեկտրոնային հսկողության կիրառման ժամանակ առաջացող հարցերը պարզաբանելու նպատակով մշակել միասնական ուղեցույց՝ ոլորտը կարգավորելու համար:
Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համագործակցության, Նիդերլանդների կառավարության ֆինանական աջակցությամբ` AISPIRA ծրագրի
շրջանակներում, որին մասնակցել են Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: