Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային նոր համակարգին ծանոթացել են Ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչները

21/02/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը բացման խոսքով է հանդես եկել ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված երկօրյա իրազեկում-հանդիպումների ժամանակ՝ նվիրված քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի, դրանից օգտվելու կարգի, համակարգով դատավարությանը մասնակցելու, դատավարական փաստաթղթեր, ծանուցումներ ներկայացնելու և ստանալու կարգավորումների, դատական ակտերի բողոքարկման կարգի և համակարգի մի շարք այլ առավելությունների ներկայացմանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է համակարգի կարևորությունը, որպես առաջին ամբողջապես թվային դատարան և հույս հայտնել, որ դրա շահագործմամբ էապես կթեթևանա դատարանի ծանրաբեռնվածությունը՝ միաժամանակ նպաստելով թե դատարանի, և թե կողմերի ժամանակի խնայմանը և ծախսերի նվազեցմանը:
ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնցով դրվել են համակարգի գործարկման հիմքերը:

Երկօրյա հանդիպմանը մասնակցել են բանկերի, վարկային ու վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Մասնակիցներին ներկայացվել են համակարգի միջոցով հայցադիմում, այլ դատավարական փաստաթղթեր ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, միջնորդություն ներկայացնելու և համակարգի օգտագործման այլ եղանակները։

Հանդիպումները կազմակերպվել են Արդարադատության նախարարության և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ` «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» Կազմակերպության կողմից՝
«Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում: