Արմենուհի Հարությունյանն ու Կարեն Կարապետյանն ընդունել են Պատվավոր հյուպատոսներին՝ քննարկելու հյուպատոսական գործունեությանն առնչվող հարցեր

18/04/2024

Արդարադատության նախարարի տեղակալներ Արմենուհի Հարությունյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են «Պատվավոր հյուպատոսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արդարադատության նախարարության կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված Կառավարության որոշման նախագիծը:
Նախագիծը նպատակ ունի իրավական կարգավորումներ տալ մի շարք հարցերի, որոնք կարգավորման տեսանկյունից բաց են մնացել կամ թերի են և տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Նախագծով անդրադարձ է կատարվում պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվող կարմիր հիմնագույնի համարանիշների իրավական կարգավորմանը, ուստի հանրային քննարկման շրջանակներում ներկայացված գրավոր առաջարկություններից բացի «Պատվավոր հյուպատոսների միություն» հասարակական կազմակերպությունը խնդրել է հանդիպման ընթացքում քննարկել նախագիծը:
Մշակված նախագծի դրույթները լրացուցիչ պարզաբանելու և առկա առաջարկները քննարկելու նպատակով կազմակերպված աշխատանքային քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության պետ Մարգարիտա Զալիբեկյանը, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ նախագահ, ՀՀ-ում Ղրղզստանի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Բաբկեն Սեդրակյանը, նույն ՀԿ-ի փոխնախագահ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, ՀՀ-ում Սենեգալի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արտաշես Ավոյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպության, Արտաքին գործերի նախարարության և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ: