Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները․ Նախարարի տեղակալներն ընդունել են Ալեքսիս Հաֆտվանի պատվիրակությանը
19/04/2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանի գլխավորած պատվիրակությանը: Նախարարի տեղակալները բարձր են գնահատել Արդարադատության նախարարության և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջև առկա համագործակցությունը։
Կարեն Կարապետյանը ներկայացրել է 2023-2026թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հիմնական ուղղություններն ու արդեն իսկ ձեռնարկված քայլերը։ ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրել են Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի կողմից մեկնարկած «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանում» ծրագիրը և այդ Ծրագրի հիմնական նպատակներն ու ուղղությունները:
Կողմերն անդրադարձել են նաև ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի ոլորտում համագործակցության խորացմանը, մասնավորապես ներկայացված ծրագրի շրջանակներում փորձագիտական և տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությանը։
Հանդիպման ընթացքում Լևոն Բալյանը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները և հատուկ անդրադարձ կատարել պատժի կրման այլընտրանքային եղանակների շրջանակներում էլեկտրոնային գործիքների կիրառմանը:
Կողմերը պայմանավորվել են առավել սերտ համագործակցել այս ուղղությամբ ու շարունակել մտքերի փոխանակումը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը և ընդլայնել դրանց շրջանակը։