350 աշակերտի մասնակցությամբ համապետական մրցույթն ամփոփվեց. Մեկնարկեցին անվտանգ համացանցի տարվա միջոցառումները

22/04/2024

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ ամփոփել է «Ի՞նչ գիտի համացանցն իմ մասին» խորագրով ստեղծագործական աշխատանքների համապետական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցել է 100-ից ավելի դպրոցի շուրջ 350 աշակերտ:
  
Մրցանակներ են տրվել, ինչպես առաջին երեք տեղը զբաղեցրած աշակերտներին, այնպես էլ ամենաակտիվ դպրոց, լավագույն թիմային աշխատանք, ամենանախաձեռնող ուսուցիչ անվանակարգերում: Մի շարք երեխաներ էլ ստացել են հատուկ ու խրախուսական մրցանակներ մրցույթի գործընկերների կողմից:

Լևոն Բալյանն ընդգծել է երեխաների կողմից առցանց տիրույթի վտանգները հասկանալու և դրանցից պաշտպանվելու կանոններին տիրապետելու անհրաժեշտությունը: Այս առումով նախարարի տեղակալն առանձնահատուկ կարևորել է քաղաքականություն մշակողների, ոլորտի մասնագետների, ծնողների և մանկավարժների միջև համագործակցությունը՝ երեխաների համար ավելի անվտանգ առցանց միջավայր ստեղծելու համար:
  
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը նշել է, որ 2024թ․ հայտարարվել է անվտանգ համացանցի տարի: Ներսիսյանի խոսքով՝ անձնական տվյալների մշակումն այսօր ամենից շատ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ է տեղի ունենում, իսկ խախտումներն՝ առավել հաճախ համացանցում են արձանագրվում:

Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել «Երեխաների նկարները համացանցում. հրապարակել՝ առանց վնասելու» ուղեցույցի և բուկլետի շնորհանդեսը: Ուղեցույցը երեխաների նկարները համացանցում հրապարկելու, դրա ռիսկերի ու հրապարակումներ անելիս անվտանգ տեխնիկական միջոցներ կիրառելու մասին է:
   
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Գերմանական համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագրերի համակարգող Հրաչ Յարմալոյանը: