Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ

30/04/2024

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
 
Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը
առաջարկված հարցերին։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընտրական գործընթացներում խախտումների վերաբերյալ դիմումների, հաղորդումների քննության վիճակին և ընտրական հանցագործությունների քննությունների ընթացքին։

Քննարկվել են ընտրական հանցագործությունների վիճակագրության վարման, ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկատվության պատշաճ և ժամանակին տրամադրման և ընտրական հանցագործություններով վարույթների հարուցման ու պատշաճ քննություն իրականացման հետ կապված հարցեր։
  
Հանդիպման ավարտին որոշվել է շարունակել աշխատանքային քննարկումները` բարձրացված հարցերին լուծում տալու համար։