Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը

10/05/2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության փորձերը։
Այսպիսով՝ քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական իրերի, հագուստների, խցերում տեղադրված սառնարանների, պահարանների, անկողնային պարագաների մեջ և այլ տարբեր տեղերում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 231.96 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, 170 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 167 պարագա, 20 wi-fi սարք, 46 կտրող-ծակող առարկա, 200․5 լիտր ինքնաշեն և 0․25 լիտր պետական արտադրության ոգելից խմիչք, 44 հատ տարբեր տեսակի դեղահաբ և այլ արգելված իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ տարվող հետևողական պայքարը կրում է շարունակական բնույթ։