Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

14/05/2024

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին:
Կողմերը պայմանավորվել են կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը:
Հանդիպման ընթացքում Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել Գործակալության՝ որպես անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի, կառուցվածքը, լիազորություններն ու կատարած աշխատանքները: Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ Գործակալությունն ակտիվորեն համագործակցում է մի շարք տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների հետ` ներկայացնելով վերջիններիս հետ իրականացված և ընթացիկ փուլում գտնվող ծրագրերը:
Անդրիաս Պուլոկասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և ընդգծել երկու երկրների նմանությունները՝ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արձանագրած ձեռքբերումներով պայմանավորված: Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։