Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես՝ կազմակերպության հետ Հայաստանի պետական մարմիններից ամենաարդյունավետ համագործակցություն իրականացնողներից մեկը, կարևորվել է Համաշխարահային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի անխախտ կատարման անհրաժեշտությունը և քննարկվել են բոլոր ծրագրերի իրականացման ժամանակացույցերն ու առկա խնդիրները: Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը շեշտել է Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող էլեկտրոնային արդարադատության ծրագրերի կենսական կարևորությունը թվայնացման գործընթացների շրջանակում, որոնց թվում են e-criminal court, e-notary, e-register, e-penitentiary ծրագրերը: Քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի խմբի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, SIGMA ընկերության ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը և հանրային ոլորտի մասնագետ Նանե Հարությունյանը: