Դատապարտյալները հեռավար այցելել են Եղիշե Չարենցի տուն-թանգարան
15/05/2024
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ առցանց էքսկուրսիա Եղիշե Չարենցի տուն-թանգարան։
Բանաստեղծի թոռնուհին՝ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը, ազատազրկված անձանց ներկայացրել է Չարենցի ապրած ուղին՝ ներառյալ նրա բանտային կյանքի դրվագները, գործունեությունը, ընտանիքը, նրա ստեղծագործական ազդեցությունը ժամանակի և հայ մշակույթի վրա։
Հեռավար հանդիպումն ավարտվել է բուռն քննարկմամբ և հարց ու պատասխանով: