Սահմանադրական, դատական համակարգի բարեփոխումներ, ընտրական օրենսդրության փոփոխություններ․ ՀԿ-ներին է ներկայացվել 2022-2026թթ․ ռազմավարության կատարման ընթացքը

17/05/2024

Հայաստանում դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում է իրականացվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնել Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակում կատարված աշխատանքները և իրազեկել դրանց ընթացքի ու արդյունքների մասին:
Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը ներկայացրել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը և իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը:
Միջոցառման շրջանակում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, այդ թվում՝ սահմանադրական, դատական համակարգի բարեփոխումները, ընտրական օրենսդրության փոփոխությունները: Դատական և իրավական բարեփոխումների ընթացքը ներկայացնելուց հետո Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է Կենտրոնը, դրա ստեղծման և գործունեության կապակցությամբ իրականացված և նախաձեռնվող քայլերը:
Ներկաները կարևորել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսությունը և պարբերաբար հանդիպումների անհրաժեշտությունը: Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրազեկման ծրագրի գործընկերները նշել են, որ նախատեսվում է հետագայում նմանօրինակ միջոցառումներ կազմակերպել Հայաստանի որոշ մարզերում՝ ապահովելու համար Դատական և իրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագրի հիման վրա և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրազեկման ծրագրի աջակցությամբ: