Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ելույթով է հանդես եկել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների համար կատարող և համակատարող մարմինների հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների վերապատրաստմանը։
Նախարարի տեղակալը կարևորել է հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների դերը՝ որպես համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և տվյալ մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգող: Նախարարի տեղակալն ընդգծել է նաև հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների կարողությունների զարգացման կարևորությունը, ինչին էլ ուղղված է վերապատրաստումը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ներդրված հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների ինստիտուտը, ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության և այլ ծրագրերի իրականացման շրջանակներում հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին մեթոդական աջակցությանը վերաբերող հիմնահարցեր։
Ծրագրերի պատասխանատուները քննարկել են Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողությունների իրականացման և միջազգային մոնիթորինգային զեկույցների հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ հարցերը և պրակտիկայում առաջացած խնդիրները, որոնք լուծումներ կստանան առաջիկայում մշակվող ուղեցույցում։ Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար որոշվել է քննարկումներն իրականացնել շարունակաբար, ինչպես նաև նախանշվել են Հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուների համար մշակվող ուղեցույցի կարգավորման հիմնական հարցերը։