Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողություն, մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքար. անցկացվել է կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարեկան համաժողովը

21/05/2024

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կազմակերպած կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված տարեկան համաժողովին: Վարչության պետը ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-բիզնես վարչարարության դյուրացում ռազմավարական նպատակի ներքո նախատեսված գործողությունները։
 
Լառա Պետրոսյանն անդրադարձել է Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունմանը, պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման կառուցակարգերի ներդրմանը, իրական շահառուների բացահայտման ինստիտուտի արդյունավետությունը ապահովող մեխանիզմներին, հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերին, կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմներին։

Լառա Պետրոսյանն ընդգծել է մասնավոր հատվածում կոռուպցիայի դեմ պայքար մղելու կարևորությունը՝ համապարփակ և արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնելու հարցում։

Համաժողովը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համատեղ, որին մասնակցել են նաև բարձրաստիճան հյուրեր պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից, միջազգային փորձագետներ CLDP-ից, IFC-ից, CIPE-ից, ecoDa-ից, INSEAD-ից։ Համաժողովը հյուրընկակել էր կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներով հետաքրքրված ոչ միայն տեղական, այլև շահակիցներ Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից: