Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանում և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը շնորհավորել է տիկին դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի և հանդիպման նախաձեռնության համար։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կգործադրվեն առավելագույն ջանքեր՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության որակի բարձրացման: Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը կամավոր հատկացում կատարելու համար՝ ի աջակցություն Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. և 2023-2026թթ. գործողությունների ծրագրերին։ Այս համատեքստում Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նախարարության և Եվրոպայի խորհրդի միջև արդյունավետ համագործակցությանն ու կարևորել ԵԽ ծրագրերի շրջանակներում նախարարության գրանցած արդյունքները մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն քաղականության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման ու խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերի լրամշակման շուրջ տարվող աշխատանքները։ Արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման ոլորտում ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու համագործակցությունը նախարարության գործունեության ռազմավարական ուղղություններով։