Կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմն ու ազդարարման համակարգը ներկայացվել են ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին

21/06/2024

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանն ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը միտված «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթացի շրջանակում ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարման համակարգի դերն ու նշանակությունը։

Լառա Պետրոսյանը, խոսելով ազդարարման համակարգի մասին, ներկայացրել է ազդարարման տեսակների, ազդարարներին տրվող պաշտպանության միջոցների վերաբերյալ իրավակարգավորումները, անդրադարձել է azdararir.am ազդարարման միասնական հարթակին, դրա գործարկման կանոններին, ինչպես նաև գաղտնիության և անանունության պաշտպանությանն ու համակարգի օրենսդրական կարգավորումներին։

Վարչության պետը ներկայացրել է նաև 2023-2026թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված գործողություններն ուղղված կոռուպցիայի հակազդմանը և ազդարարման համակարգի կատարելագործմանը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է նաև ազդարարման համակարգի կարևորությանը՝ կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները բացահայտելու, կոռուպցիան կանխարգելելու ու նվազեցնելու, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորման հարցերում։