Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին՝ գրավոր փուլը, որին մասնակցելու դիմում էր ներկայացրել 23 հավակնորդ։ Որակավորման ստուգումն անցնող հավակնորդները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված ութօրյա ինտենսիվ դասընթացին:
Որակավորման քննության մասնակիցներին ողջունել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ընդգծել է, որ հաշտարարության նկատմամբ օր-օրի աճող հետաքրքրությունը խոսում է բարեփոխումների հաջող մեկնարկի ու հեռանկարների մասին։ Կարևորելով հաշտարարության՝ վեճերի լուծման արդի և արդյունավետ եղանակի զարգացման միտումները, Տիգրան Դադունցը բոլոր հավակնորդներին մաղթել է հաջողություն որակավորման գործընթացում։
Առջևում որակավորման ստուգման երկրորդ՝ բանավոր փուլն է, որին կմասնակցեն գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարած հավակնորդները։ Վերջինս հաջողությամբ անցնելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի 23 նոր մասնագետով։