Մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության II փուլի տեխնիկական աջակցության ծրագիրը.Նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
03/07/2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի և «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության II փուլի շրջանակներում տեխնիկական աջակցության ծրագրի թիմի ղեկավար Յանիս Սոֆյանոպոպուլոսի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է երկու հաստատությունների միջև համագործակցային բարձր մակարդակը՝ ուղղված արդարադատության ոլորտի բարեփոխումներում որակական առաջընթաց ապահովելուն։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի նպատակները և դրա շրջանակներում նախատեսված գործողությունները՝ ուղղված 2022-2026 թթ. դատաիրավական բարեփոխումների, 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունների, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի միջոցառումների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև նախարարության՝ բյուջետային աջակցության ծրագրերը կառավարելու և վերահսկելու կարողությունների զարգացմանը։
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների զարգացմանն ուղղված աջակցությունը, ՀՀ դատական համակարգի և դատարանների ենթակառուցվածքների մասով իրականացվող բարեփոխումներին ներգրավվածության ուղղությունները, հակակոռուպցիոն հաղորդակցության միջոցառումներին հնարավոր աջակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքներ իրականացնել տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում դատաիրավական, հակակոռուպցիոն և քրեակատարողական ոլորտներում առաջիկա գործողությունների շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել նշյալ ոլորտներում դոնորների կողմից տրամադրվող աջակցության համակարգման դյուրացման և ԵՄ-Հայաստան երկխոսության ապահովման ուղղությամբ։