Ցուցադրություն՝ նվիրված հայ-ճապոնական բազմամյա հարաբերություններին. Ազգային արխիվում հյուրընկալվել է Ճապոնիայի դեսպանը
17/07/2024
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկա է գտնվել Հայաստանի Ազգային արխիվում կազմակերպած ցուցադրությանը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային արխիվի և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ։
Ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ միջոցառման անցկացման նպատակը հայ-ճապոնական հարաբերությունների վերհանումն է, որով սկիզբ է դրվում հայ-ճապոնական նոր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Աոկի Յուտական, ողջունելով ներկաներին, նշել է, որ ցուցադրված փաստաթղթերը, կինոֆոտո փաստաթղթերը և Հայաստանում հրատարակված մի շարք արժեքավոր գրքերը վկայում են հայ-ճապոնական սերտ փոխհարաբերությունների մասին։ Ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող արխիվային փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։
Հետաքրքիր փաստաթղթեր են ներկայացված աշխարհում առաջին կին դիվանագետ, 1920թ․ Ճապոնիայում Հայաստանի առաջին Հանրապետության դիվա-նագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարի մասին։ Ցուցադրված են կարևոր ու արժեքավոր փաստաթղթեր՝ ազգերի ու ժողովուրդների միջև մարդասիրական վառ դրսևորումներով, որոնք վերաբերում են 1923թ.-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից ցուցաբերված օգնությանը և, փոխադարձաբար, 1988թ.-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ճապոնիայի կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությանը։