Եվս 14 հոգեբան կմասնակցի անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին․ Լևոն Բալյանի գլխավորությամբ տրվել են վկայականներ
19/07/2024
«Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ օրերս տեղի է ունեցել Արդարադատության նախարարության կողմից հայտարարված՝ հոգեբանների որակավորումը, որին մասնակցել է 26 դիմորդ: Անցողիկ շեմը հաղթահարել է 14 մասնակից:
Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը վկայականներ է հանձնել որակավորման փուլը հաղթահարած հոգեբաններին և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջող ծառայություն։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ հոգեբաններից պահանջվում են մասնագիտական բարձր որակներ, բացառիկ պատասխանատվություն և աշխատանքի արդյունավետություն: Նախարարի տեղակալը հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին արդյունավետ համագործակցության և ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորա Օհանյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը:
Նշենք, որ հոգեբաններն ապրիլի 22-ից մինչև հունիսի 4-ն անցել են արդարադատության նախարարի կողմից հաստատված կարգով 2024 թվականի որակավորման դասընթացների փուլը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի ուսումնական կենտրոնում: Պրակտիկան իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային մարմիններում: