Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի 6-ամսյա ընթացք, հնարավոր օրենսդրական լուծումներ. Մեկնարկել է նոտարների ու դատավորների մասնակցությամբ եռափուլ քննարկումը

26/07/2024

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է աննախադեպ ձևաչափով քննարկում՝ նվիրված նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման 6-ամսյա պրակտիկայի շրջանակում արձանագրված հարցերի լուծմանը:

Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ նախարարությունը ինչպես դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող այլ միջոցառումների, այնպես էլ նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի ներդրման օրենսդրական փոփոխության դեպքում հետևողական է իրականացված բարեփոխումների արդյունքում ձևավորված իրավակիրառ պրակտիկայի շրջանակում առաջացող իրավական և գործնական խնդիրների վերհանման և լուծման հանձնառության մասով, որպիսի գործելաոճը նպատակ է հետապնդում ապահովել իրականացված բարեփոխումների շարունակականությունը և կայունությունը:

Լիանա Թովմասյանը շնորհակալություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին և միջոցառմանը ներկա դատավորներին՝ ինստիտուտի ներդրման գործում ներդրած ջանքերի և օրենսդրական փոփոխությունների կենսագործմանն ուղղված շարունակական աջակցության համար, միաժամանակ ընդգծել Նոտարական պալատի և նոտարների պատրաստակամությունը նոր ներդրված ինստիտուտի կայացման և լավարկման ուղղությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, ՀՀ նոտարական պալատի վարչության նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը և ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային ղեկավար Արման Զրվանդյանը, միջոցառմանը մասնակցել են նաև ԿԲ և ՀԿԱԾ ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվել են նոտարների կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու ինստիտուտի կիրառման առաջին վեցամսյակի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ երաշխավորության, տուժանքների, ծանուցումների, ժամկետների, հաշվարկների վերաբերյալ, արձանագրվել են լուծման մեխանիզմները և հնարավոր օրենսդրական լուծումները: Քննարկումները լինելու են եռափուլ՝ նպատակ հետապնդելով վերապատրաստել ՀՀ բոլոր նոտարներին:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԽ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և ԵԽ կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակներում: