Օտարերկրյա պետության կամ ՀՀ-ում դատապարտված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխման ընթացակարգեր, դատապարտյալների փոխանցում. Արմենուհի Հարությունյանն ԱԺ-ում ներկայացրել է նախագիծը

04/09/2024

Արդարադության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովին է ներկայացրել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջին անգամ ՀՀ օրենսդրության մեջ սույն նախագիծը հնարավորություն է տալիս համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը:
Նախագիծը բաղկացած է 10 գլուխներից, որոնցով առանձին կարգավորման առարկա են դարձել հանձնումների (էքստրադիցիայի), դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա պետության կամ ՀՀ տարածքում դատապարտված կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց հսկողություն իրականացնելու համար տեղափոխելու ընթացակարգերը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային դատարանների դատավճիռների ճանաչման (փոխարկման) և դրանց հետևանքների առնչությամբ իրավական հարաբերությունները:
«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավորության գործողությունների ծրագրից և նպատակ ունի կարգավորել հարաբերությունների լայն շրջանակ՝  վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում իրավական օգնության տրամադրման, այդ թվում` վարութային և ապացուցողական գործողությունների կատարման, փաստաթղթերի և առարկաների հանձնման, տեղեկությունների փոխանակման, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելու, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, զննման, խուզարկության, իրեղեն կամ թվային ապացույցներ ձեռք բերելու և փոխանցելու, փորձաքննություններ անցկացնելու, որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ  կամ փաստաբան, փորձագետ ՀՀ կանչելու և վարութային գործողություններ կատարելու, ազատությունից զրկված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից փոխանցելու, քրեական վարույթի բացահայտման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև թվային տվյալների, ձայնագրությունների, հանցավոր ճանապարհով ստացված հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված հանցագործության առարկաների, գործիքների և միջոցների, դրանց բացակայության դեպքում համարժեք գույքի արգելադրման, բռնագրավված գույքի բաշխման, հանձնման, այդ թվում՝ ժամանակավորապես հանձնման, քրեական վարույթների փոխանցման, դատապարտյալների փոխանցման, պատժից պայմանական ազատված անձի նկատմամբ հսկողության իրականացման, օտարերկրյա  պետության դատարանի և միջազգային դատարանի կայացրած դատավճռի ճանաչման հարցերը: