Եվրաջասթում Հայաստանը համագործակցության հարցերով դատախազ կնշանակի. Կարեն Կարապետյանն օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ

09/09/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ներկայացրել է ««ՀՀ և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ-ն նշանակում է համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի և Հայաստանի իրավասու մարմինների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունն իրականացնելու նպատակով: Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ համագործակցության հարցերով մագիստր Երևանում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ այս ընթացակարգերի կիրառումը կնպաստի ԵՄ անդամ և երրորդ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագության ապահովմանը, ինչպես նաև առանձնակի ուշադրություն կսահմանվի անձնական տվյալների պաշտպանությանը։
 
Նշենք, որ Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագիր, բացի ԵՄ անդամ երկրներից, կնքել է նաև ԵՄ անդամ պետություն չհանդիսացող 13 պետություն, Հայաստանը կլինի 14-րդը: