ԵՄ բյուջետային աջակցության երկրորդ փուլի իրականացում, դատավորների և դատախազների գնահատման միջոցառումներ․ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ համագործակցության բաժնի ղեկավարին

11/09/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում՝ առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում 2024թ. հոկտեմբերին կազմակերպվելու են հանդիպումներ միջազգային փորձագետների և ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների միջև։ Միաժամանակ, նախարարի տեղակալն ընդգծել է անձնական տվյալների պաշտպանությանն ուղղված նախագծի իրականացման կարևորությունը և բարձր է գնահատել այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, ինչպիսիք են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող զարգացումները և ԵՄ բյուջետային աջակցության երկրորդ փուլի իրականացումը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում: