Ամփոփվել է UNODC-ի պատվիրակության այցը Հայաստան. Միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկություններով

20/09/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բանլյանն ընդունել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը և ամփոփել քառօրյա աշխատանքները։

Հանդիպման շրջանակներում նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այցի համար և ընդգծել համագործակցության կարևորությունը։ UNODC-ի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մայսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն բարձր են գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններն՝ ուղղված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների արդյունավետ գործունեությանը։

Միջազգային գործընկերները հատկապես ողջունել են Աբովյան և Արմավիր քրեակատարողական հիմնարկներում կատարված բարեփոխումները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» գործունեությունը։ Հանդիպման ավարտին միջազգային գործընկերները հանդես են եկել առաջարկներով և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։