«Ազդարարի՛ր, Հայաստան». մեկնարկել է Ազդարարման արշավի նոր ծրագիրը

04/10/2024

Ազդարարման համապետական արշավի շրջանակում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։
Ծրագրի մեկնարկի միջոցառմանը Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորագույն դերը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիոն երևույթների դեմ հասարակության պրոակտիվ արձագանքման գործիք:

Հարկ է նշել, որ նախորդիվ արդեն իսկ իրականացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված վերապատրաստում-միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի ՏԻՄ ներկայացուցիչների (ՀՀ մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակազմերի և ազդարարման հարցերով պատասխանատուների) համար՝ ընդգրկելով ավելի քան 300 մասնակիցերի:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ազդարարման ինստիտուտին առնչվող միջոցառումները և առաջիկայում իրականացվելիք օրենսդրական բարեփոխումեները:

Մեկնարկող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստել ավելի քան 600 ուսանողների, աշակերտների, ուսուցիչների, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչների՝ ՀՀ 4 մարզերից, միաժամանակ՝ Երևանում և մարզերում իրականացնելով տարատեսակ իրազեկման և կրթական միջոցառումներ:

Ծրագիրն իրականացնող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչները նշել են, որ ծրագիրը նպատակ է հետապնդում իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխման ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։