Կարեն Կարապետյանն ընդունել է Դատավորների ու դատախազների կարիերայի համալիր գնահատում խորագրով TAIEX գործիքի շրջանակում ՀՀ այցելած ԵՄ փորձագետներին

17/10/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ներառված էին «Դատավորների ու դատախազների կարիերայի համալիր գնահատում» խորագրով TAIEX գործիքի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵՄ փորձագետները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է TAIEX գործիքի շրջանակում դատավորների և դատախազների կարիերայի համալիր գնահատման միջոցառումը, որի համատեքստում սույն թվականի հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ փորձագետների և ՀՀ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների միջև:

ԵՄ փորձագետներն իրենց երախտագիտությունն են հայտնել տարբեր շահագրգիռ մարմինների հետ կայացած արդյունավետ հանդիպումների համար՝ ընդգծելով իրենց ստացած դրական տպավորությունը և քննարկումների բաց, կառուցողական բնույթը։ Փորձագետները նաև ընդգծել են շահագրգիռ կողմերի բարեփոխումներին ձգտելու հստակ պատրաստակամությունը, ինչպես նաև նախաձեռնություններն առաջ մղելու հավաքական հանձնառությունը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում իրավունքի գերակայության ապահովման, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործում՝ առանձնահատուկ ընդգծելով ԵՄ պատվիրակության և Արդարադատության նախարարության միջև սերտ համագործակցությունը։

Նախարարի տեղակալը ընգծել է ՀՀ և ԵՄ միջև առավել ընդհարձակ և խորքային համագործակցության մշակման փուլում TAIEX գործիքի շրջանակում իրականացվելիք համալիր գնահատման կարևորությունը՝ հաշվի առնելով, որ այս գնահատումը անկյունաքարային է լինելու հետագա բարեփոխումների ուղղությունները որոշելու համար:

Կողմերը երկուստեք նշել են շարունակական համագործակցության պահպանման կարևորությունը՝ շեշտելով դրա առանցքային բնույթն ընդհանուր նպատակների և բարեփոխումների իրականացման համատեքստում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացաման համատեքստում: