Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է անցկացվել
22/10/2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչները և փորձագետները ներկայացրել են նախարարության կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերը՝ էթիկայի հանձնաժողովների ձևավորման միասնական մեխանիզմների, ավագանու անդամների վարքագծի կանոնների, հանրային ծառայության առանձին տեսակների, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման իրավասություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերը:
Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են վերջիններին հուզող հարցերը և վերհանված խնդիրները: Աշխատանքային խումբն ուրվագծել է քննարկված հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները։
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում ներգրավվածության և արդյունավետ գործակցության համար։