Քաղհասարակության ներկայացուցիչներին և միջազգային գործընկերներին ներկայացվել են բարեվարքության եզրակացությունների հրապարակման և պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության կառուցակարգերը
24/10/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է «Պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և ԿԿՀ բարեվարքության վերաբերյալ եզրակացության հրապարակայնության հարցերի շուրջ» խորագրով հանրային քննարկում՝ շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկեր կառույցների մասնակցությամբ:
Նախարարի տեղակալը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ և ԵՄ գործընկերներին սույն գործողության շրջանակներում տրամադրվող աջակցության և արդյունավետ գործակցության համար:
Կարեն Կարապետյանը նաև կարևորել է ԿԿՀ կողմից տրամադրվող բարեվարքության եզրակացությունների հրապակայնության և նշանակում կատարող մարմնի կողմից պատճառաբանված որոշումների կայացման համատեքստում դատաիրավական համակարգի պաշտոններում նշանակումների կատարման հարցում հանրային հաշվետվողականության և թափանցիկության բարձրացումը, հանրային վստահության ամրապնդումը:
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մասնակիցներին է ներկայացրել միջազգային փորձի ուսումնասիրությունը և չափանիշները` պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և բարեվարքության եզրակացությունների հրապարակայնության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հնարավոր լուծումների տարբերակներին:
Խորքային քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, ոլորտային փորձագետները և միջազգային կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները ներկայացված լուծումների և կառուցակարգերի վերաբերյալ:
Կողմերը մտքեր են փոխանակել հետագա հնարավոր իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումները հստակեցնելու և լավագույն լուծումներ առաջարկելու նպատակով: