Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դանիել Քվադբեկի հետ:
Նախարարի տեղակալը կարևորել է ՏՀԶԿ-ի դերը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների և միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների օրակարգում՝ ընդգծելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում ՏՀԶԿ և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության կարևորությունը:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող մեծածավալ հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև ՏՀԶԿ շրջանակներում Արդարադատության նախարարության համակարգման ներքո գտնվող ուղղությունները:
ՏՀԶԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդակենտրոն արդարադատության մատչելիության և արդարադատության համակարգերի ընդլայնման վերաբերյալ ՏՀԶԿ հայեցակարգը, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների արդյունքում բռնագանձված գույքի կառավարման կառուցակարգերը:
Կողմերը հաստատել են, որ օրենքի գերակայությունը և արդարադատության մատչելիությունը կարևոր դեր են խաղում վստահության վերականգնման, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հարգանքի ապահովման և համապարփակ վերականգնմանն աջակցելու գործում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկելու նշյալ երկու ուղղություններով աշխատանքների ընդլայնման հետագա նպատակահարմարությունը: