40 ազդարարում՝ մեկ ամսում. հոկտեմբերին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը
08/11/2024
Ազդարարման համապետական արշավի շրջանակներում մեկնարկած վերապատրաստումների 2-րդ փուլով արդեն իրականացվել է 13 ուսուցում, վերապատրաստվել է ավելի քան 300 ուսանողներ, աշակերտ, ուսուցիչ, մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի:
Ներկա լինելով վերապատրաստումներին՝ Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է ազդարարման համապետական արշավը՝ ընդգծելով, որ արշավի արդյունքներով 2024 թ. հոկտեմբերին գրանցվել է ազդարարումների ամսական ամենաբարձր ցուցանիշը՝ 40 ազդարարում՝ նախկին 2-5-ի փոխարեն: Եթե 2023 թվականին հարթակի միջոցով ստացվել է 116 ազդարարում, ապա 2024 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ արդեն ստացվել է 293 ազդարարում, ինչը նշանակում է, որ ազդարարումների թիվն այս պահին ավելի քան կրկնակի գերազանցում է 2019 թվականից ի վեր՝ նախորդ բոլոր տարիներին ներկայացված ազդարարումների թիվը:
Լիանա Թովմասյանը նաև նշել է, որ Գլխավոր դատախազության գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ ազդարարումների որակական ցուցանիշները ևս աճել են. 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին հարթակ ներկայացված ազդարարումների 57.71 տոկոսը ստուգվել է օպերատիվ-հետախուզական գործողությունների միջոցով: Սա վկայում է այն մասին, որ ներկայացվող ազդարարումների բովանդակությունն առավել հստակ և թիրախային է դարձել:
Ծրագրի շրջանակներում ընթացող իրազեկման և կրթական միջոցառումների ընթացքում մասնակիցներին է ներկայացվում ազդարարման ինստիտուտը, ազդարարման տեսակները և ազդադարներին պաշտպանության միջոցները, ազդարարման միասնական հարթակից օգտվելու եղանակները: Վերապատրաստումներն անցնում են թիրախային խմբերի մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ՝ նպաստելով ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության ցուցանիշի և ազդարարման համակարգի՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի՝ դերի բարձրացմանը:
Վերապատրաստումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից:
Ազդարարման արշավի շրջանակում գործարկվել է նաև «Ազդարարի՛ր, Հայաստան» Telegram-ի ալիքը. https://t.me/azdararir: