31 հավակնորդ մասնակցել է միջազգային փորձագետ-հաշտարարների մշակած դասընթացին․ հաշտարարների համայնքի ընդլայնման գործընթացը շարունակվում է

15/11/2024

Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Եվրոպական միության համագործակցությամբ անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման չորրորդ դասընթացը, որն ուղղված էր Հայաստանի տարբեր մարզերից հաշտարարներ ներգրավելուն:
Մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 120 հավակնորդից 31-ը հնարավորություն են ստացել մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: Դասընթացն ավելի օգտակար դարձնելու նպատակով՝ հրավիրյալ միջազգային և ազգային փորձագետները կիսվել են հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս կարևոր դասընթացի կազմակերպմանն աջակցելու համար՝ նշելով, որ հաշտարարության նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով մեծանում է և ամուր հիմքեր են ստեղծվում Հայաստանում հաշտարարության զարգացման և պարտադիր հաշտարարության ներդրման համար:
Շարունակական դասընթացների և բարեփոխումների շնորհիվ 2025թ. առաջին կիսամյակում հաշտարարական համայնքը կունենա շուրջ 130 հաշտարար։
«Այս միջոցառումը մասամբ ֆինանսավորվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի կողմից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից»։