Քննչական մարմինների պաշտոնյաների վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետևելու լիազորություն է առաջարկվում տալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. օրինագիծը ներկայացվել է ԱԺ

15/11/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետևելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար:
Արմենուհի Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների փաթեթն առաջարկվել է միասնական մոտեցում որդեգրելու և կարգավորումների կանխատեսելիության ու նաև դրանց կիրառման միատեսակություն ապահովելու նպատակով:
Արդարադատության նախարարի տեղակալը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: