«Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոն. քայլերթով, հեծանվաշքերթով, ծաղրանկարների ցուցադրությամբ ու պարային ֆլեշմոբով մեկնարկեց կոռուպցիայի դեմ պայքարի համապետական արշավը

18/11/2024

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ` նոյեմբերի 16-ին տրվեց «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի մեկնարկը։

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության հաստատակամությունը: Այս ճանապարհին անհրաժեշտ համարեց նաև հանրության և հատկապես երիտասարդության համախմբումն ու ակտիվ մասնակցությունը:

Արշավը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի բակում՝ քայլերթով, հեծանվաշքերթով, այնուհետև միջոցառումը շարունակվեց կոռուպցիայի խնդիրները պատկերող ծաղրանկարների և կոմիքսային պատմությունների ցուցադրությամբ ու մրցանակաբաշխությամբ, ինչպես նաև հայկական ավանդական պարերի ֆլեշմոբով:

«Երիտասարդներն ընդդեմ կոռուպցիայի» մարաթոնն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։