Ամփոփվել է ազդարարման համակարգի վերաբերյալ վերապատրաստումների 2-րդ փուլը. վերապատրաստվել է 600 անձ
29/11/2024
Արդարադատության նախարարությունում և Երևանի քաղաքապետարանում միաժամանակյա ընթացող 2 վերապատրաստմամբ այսօր ավարտվել է ազդարարման արշավի շրջանակում իրականացվող վերապատրաստումների 2-րդ փուլը։ Վերապատրաստմանը մասնակցել են մասնավոր հատվածի և ՏԻՄ ներկայացուցիչներ, ավելի քան 600 ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ:
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ Կառավարության առաջնահերթ ուղղություններից է կոռուպցիայի դեմ պայքարը, և այս համատեքստում մեծապես կարևորվում է ազդարարման համակարգը։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ շուտով կամփոփվի արշավի մեկամյա շրջափուլը, որի ընթացքում արդեն իսկ գրանցվել է ազդարարումների ավելի քան 200 տոկոս աճ:
Արդարադատության նախարարությունում իրականացված վերապատրաստման դասընթացների մասնակիցներին Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը ներկայացրել է հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում ազդարարման ինստիտուտի նշանակությունը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ ընդգծել է ազդարարման ինստիտուտի կարևորությունը և նախարարության՝ այս ուղղությամբ իրականացրած միջոցառումների արդյունավետության բարձր մակարդակը:
Արշավի համակարգող Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ներկայացրել է ազդարարման համապետական արշավի արդյունքները՝ նշելով, որ 2024 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գրանցվել է ազդարարումների ամսական ամենաբարձր ցուցանիշը՝ 40 ազդարարում՝ նախկին 2-5-ի փոխարեն (վիճակագրություն՝ https://azdararir.am/am/statistics):
Լիանա Թովմասյանը փաստել է, որ ազդարարումների որակական ցուցանիշները ևս շեշտակի աճել են. 2024 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներին հարթակ ներկայացված ազդարարումների 57.71 տոկոսը ստուգվել է օպերատիվ-հետախուզական գործողությունների միջոցով:
Ծրագրի շրջանակում ընթացող իրազեկման և կրթական միջոցառումների ընթացքում մասնակիցներին է ներկայացվել ազդարարման ինստիտուտը, ազդարարման տեսակները և ազդադարներին պաշտպանության միջոցները, ազդարարման միասնական հարթակից օգտվելու եղանակները: Ընդհանուր առմամբ իրականացվել է 21 ուսուցում Երևանում և ՀՀ 4 մարզում՝ վերապատրաստելով 600 անձի:
Վերապատրաստումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից: