Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր: Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ:
Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, իսկ երիտասարդների դերն այդ պայքարում անկյունաքարային է: Նախարարը փաստել է, որ ուսանողները մեր երկրի լուսավորյալներն են և պետք է ոչ միայն լինեն «0 հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ» գաղափարի կրողը, այլև՝ այն տարածողը: Արդարադատության նախարարը խոսել է կոռուպցիայի` որպես լայն, բազմաշերտ և դինամիկ երևույթի մասին` ընդգծելով, որ դրա դեմ պայքարը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե կրի համակարգային և ներառական բնույթ: Նախարարը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների, ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ուղղություններով պետության իրականացրած քայլերը` շեշտադրելով դրանց շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում առկա մարտահրավերներին՝ Արդարադատության նախարարը խոսել է մեր քաղաքացիների մտածողության փոփոխության, պաշտոնատար անձանց կողմից բարեվարքության համակարգին հավատարիմ լինելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերն այս հարցում: Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Ուսանողներին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի բաց դռների շրջանակում ընդունել են Գլխավոր դատախազությունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Հակակոռուպցիոն կոմիտեում, Հակակոռուպցիոն դատարանում: