Արդարադատության նախարարն ու ՀՀ վարչապետի տիկինը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ի տարեմուտի տոնական միջոցառմանը
25/12/2024
«Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որ մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսևորելու մասին և պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,- ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այս խոսքերով է եզրափակել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տարեմուտի տոնական միջոցառման բացման հանդիսավոր արարողությանն իր ողջույնի խոսքը: Տոնական միջոցառման հատուկ հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար անձինք:
Սրբուհի Գալյանը, դիմելով ազատազրկված կանանց, ասել է, որ հաջորդ տարի նախատեսվելու են ավելի շատ վերասոցիալականացման ծրագրեր: Նա շնորհավորել է միջոցառման մասնակիցների գալիք Ամանորը՝ անազատության մեջ գտնվողներին մաղթելով վերադարձ ընտանիք, քրեակատարողական հիմնարկի պատերից դուրս ազատությունը վայելելու հնարավորություն:
Տոնական միջոցառումը կազմակերպել էին ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: