Մեկնարկել է «Ընտանեկան բռնության կանխարգելում» թեմայով վերապատրաստում՝ կազմակերպված Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացը միտված է հարկադիր կատարողների իրավական ու գործնական կարողությունների խորացմանը՝ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ։
Դասընթացի մեկնարկին Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին և ծրագրի թիմին՝ նման կարևոր թեմայի շրջանակում վերապատրաստում կազմակերպելու համար։ Նա ընդգծել է ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման և իրավական գիտելիքների հարստացման կարևորությունը՝ ընտանեկան բռնության կանխարգելման և դրան արդյունավետ արձագանքելու համատեքստում։ Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը նշել է, որ նմանատիպ դասընթացները շարունակական բնույթ են կրելու՝ նպատակ ունենալով վերհանել գործնական խնդիրները և համատեղ ձևակերպել լուծումներ, որոնք, անհրաժեշտության դեպքում, կդառնան օրենսդրական կամ գործնական փոփոխությունների հիմք։
Դասընթացի շրջանակում տեղական և միջզագային փորձագետի ներգրավմամբ նախատեսվում է քննարկել ընտանեկան բռնության գործերով արդարադատության մատչելիության հետ կապված մարտահրավերները, կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող խնդիրները, ինչպես նաև անդրադառնալ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ միջազգային չափանիշներին ու մոտեցումներին։