Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավար Քլեր Օվեյին: Հանդիպմանը մասնակցել են նաևԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Վեդրան Յան-Քյելդսենը: Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալն ընդգծել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներում Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցության կարևորությունը և ձևավորված կայուն փոխգործակցությունը:
Կողմերը քննարկել են նախարարության համար առաջնահերթություն համարվող տարբեր ուղղություններով գրանցած հաջողությունները և ՀՀ-ԵԽ համագործակցության արդյունքները: Անդրադարձ է կատարվել դատավորների գնահատման մեխանիզմների բարեփոխման, հաշտարարների համայնքի ձևավորման և շարունակական աջակցության, արդարադատության ոլորտի թվայնացման, հարկադիր կատարման, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխման և այլ հարցերի:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դատավարական օրենսդրության բարելավման՝ նախարարության տեսլականը: Քլեր Օվեյը բարձր է գնահատել իրականացվող բարեփոխումների՝ տեսանելի և առարկայական արդյունքները, այդ թվում՝ քաղաքացիական դատարանների բեռնաթափման արդեն իսկ գրանցած հաջողությունը:
Հանդիպման ավարտին ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրինության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ պատրաստակամություն հայտնելով նախանշված ուղղություններով ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը: Կողմերը երկուստեք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերի ակտիվացման և ձեռնարկվող քայլերի շարունակականության ապահովման ուղղությամբ: