Սինգապուր կատարած աշխատանքային այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպումներ է ունեցել Սինգապուրի միջազգային արբիտրաժային և միջազգային հաշտարարության կենտրոնների ղեկավարների հետ։ Կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրել են կենտրոնների աշխատանքը, գործառույթները, խոսել միջազգային արբիտրաժի և հաշտարարության առանձնահատկությունների մասին: Ընդգծվել է Միջազգային հաշտարարության Սինգապուրի կոնվենցիայի կարևորությունը:
Նախարարը խոսել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) մասին, որի ստեղծումը կարևոր քայլ էր Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման ուղղությամբ: Գործընկերներին ներկայացվել են այս ընթացքում AMCA-ի գործունեության պատմությունն և ձեռքբերումները:
Նշվել է, որ Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման ընթացքում Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել, ինչպես նաև իրականացրել աշխատակիցների վերապատրաստումներ` կիսվելով իրենց հարուստ փորձով:
Նախարարը նույնպես ընդգծել է Սինգապուրի կոնվենցիայի վավերացման կարևորությունը նշելով՝ Հայաստանն այն ստորագրել է, և ներկայումս քննարկումներ են իրականացվում Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ դրա վավերացման ուղղությամբ: Սրբուհի Գալյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումների արդյունքում ավելի շատ հիմնավորումներ կգեներացվեն, թե ինչու է Հայաստանին անհրաժեշտ կոնվենցիայի վավերացումը:
Կողմերը քննարկել են համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները հատկապես մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում:
Նախարարը կենտրոնների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-5-ը կայանալիք Հայաստանի միջազգային արբիտրաժային շաբաթին։