Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի Ռեգիստրար Օսվալդո Զավալա Գիլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:
Խոսելով Միջազգային քրեական դատարանի կարևորության մասին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ և իր ներդրումն ունենալու միջազգային քրեական արդարադատության համակարգի զարգացմանը:
Աննա Կարապետյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ՝ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո իրականացված աշխատանքները, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի կազմման, քննարկումների, իրավակիրառ մարմինների աշխատակիցների վերապատրաստումների իրականացման, համագործակցության համապատասխան ուղեցույցի մշակման և այլ ուղղություններով՝ ընդգծելով դրանց շարունակական բնույթը:
Օսվալդո Զավալա Գիլերը բարձր է գնահատել Հայաստանի կողմից այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռնարկված քայլերը՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ աջակցությունն օրենսդրական դաշտի լավարկման և գործուն կառուցակարգերի ներդրման մասով:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են կառուցողական համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նպաստելով միջազգային քրեական արդարադատության համակարգի ամրապնդմանը: