Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը Վաշինգտոնում ներկայացրել է արդարադատության ոլորտում թվային վերափոխումների ՀՀ փորձը

30/05/2025

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանը՝ Վաշինգտոնում անցկացվող Համաշխարհային բանկի «GovTech and Public Sector Innovation Global Forum 2025» գլոբալ համաժողովում։
Այս նախաձեռնությունը միջազգային կարևոր հարթակ է, որտեղ միավորվել են տարբեր երկրների պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ՝ քննարկելու, թե ինչպես տեխնոլոգիաներն ու նորարարական մոտեցումները կարող են վերափոխել պետական կառավարման համակարգերը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է արդարադատության ոլորտում թվային վերափոխումների ՀՀ փորձը՝ նպատակ ունենալով ձևավորել առավել մատչելի, թափանցիկ և արդյունավետ հանրային ծառայություններ։
Այս տարվա համաժողովի հիմնական թեման էր «Հաստատությունների վերափոխումը արհեստական բանականության դարաշրջանում»։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել թվային կառավարման միասնական մոտեցումներին, տվյալների անվտանգ և խելամիտ օգտագործմանը, տեխնոլոգիական հիմքերի զարգացմանը, ինչպես նաև արհեստական բանականության դերին՝ հանրային ծառայությունների բարելավման գործում։
Նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են՝ սովորելու միջազգային լավագույն փորձից, զարգացնելու համագործակցություն և ներկայացնելու Հայաստանի նախաձեռնություններն ու ձեռքբերումները։