«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին:
Մինչև 2020 թվականն իրականացրել է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների և այլ ժողովածուների հրատարակությունը:
2020 թվականի հուլիսի 1-ից «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է ՀԻՏՀ (Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ, ԱՐԼԻՍ) www.arlis.am միասնական կայքում հրապարակելու միջոցով:
2005 թվականից ՀԻՏՀ կառավարումն ու սպասարկումը, իսկ 2020 թվականի հուլիսից արդեն միասնական կայքի կառավարումն ու սպասարկումն իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ կողմից:
Միասնական կայքը թարմացվում է ամենօրյա պարբերականությամբ և հասանելի է 24/7 ռեժիմով:
Ընկերության հիմնական գործառույթը www.arlis.am միասնական կայքում իրավական ակտերի պաշտոնական էլեկտրոնային հրապարակումն է, իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիաների իրականացումը, միմյանց միջև տրամաբանական կապերի ստեղծումը, ինչպես նաև իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի տվյալների պահպանումը, կառավարումն ու սպասարկումը:
Հիմնական գործառույթից զատ ընկերությունն իրականացնում է նաև «ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի տեղեկագիր» պարբերականի, օրենսգրքերի, այլ իրավական ակտերի հրատարակում, վերահրատարակում և բաժանորդագրություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
2003 թվականից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև սահմանված կարգով հրապարակման ուղարկված օտարալեզու օրենքների և այլ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների հրապարակմանը:
Միասնական կայքում զետեղվում են նաև ԵՏՄ, ՄԻԵԴ ընդունած իրավական ակտերը, Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի որոշումները և բազմապիսի այլ իրավական ակտեր, որոնք համալրում են միասնական կայքը:
Ընկերության առաջնահերթություններից է ԱՐԼԻՍ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի շարունակական կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության բնակչության իրավական գրագիտության բարձրացումը և օրենսդրական դաշտում տեղի ունեցող զարգացումներին ժամանակին և շուրջօրյա իրազեկումը: