Այսօր տեղի է ունեցել 2022 թվականի համար նախատեսված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ներկա է գտնվել Արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը:
Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմել է 115 անձ՝ անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, չինարեն, վրացերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն, իսպաներեն, հինդի, ինչպես նաև ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնելու համար:
Նշենք, որ այս ցուցանիշը եռակի անգամ գերազանցում է նախորդ տարիների մասնակցության ցուցանիշը:
Ստուգման արդյունքները փորձագետի կողմից գնահատվելու են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և ավելի բարձր միավորները:
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ: