Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքում բացվեց Քաղաքացիների ընդունելության կենտրոն
12/12/2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում բացվել է Քաղաքացիների ընդունելության կենտրոն։
Գրիգոր Մինասյանը շրջայցի ընթացքում ծանոթացել է Կենտրոնի աշխատանքներին:
«Կենտրոնի ստեղծման գաղափարն առաջացել է քաղաքացիներից ստացված դիմումների ուսումնասիրության արդյունքում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ հեռախոսով տրված խորհրդատվությունը քաղաքացու մոտ լիարժեք տեղեկատվության աղբյուր չէր հանդիսանում: Քաղաքացիները գալիս էին այստեղ տեղեկատվությանը լիարժեք ծանոթանալու համար, սակայն պայմանները այդքան էլ գոհացուցիչ չէին։ Նոր կենտրոնը կմատուցի լիարժեք ծառայություններ, կնվազեցվեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է Մինասյանը:
Քաղաքացիների ընդունելության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հարկադիր կատարող-քաղաքացի կապի կանոնակարգված և վերահսկելի կապի ապահովումն է Ծառայության վարչական շենքում։
«Աշխատակիցները քաղաքացիներին ուղեկցելու են ընդունելության կենտրոն, այնուհետև կապ են հաստատելու տվյալ հարկադիր կատարողի կամ նրա բացակայության դեպքում՝ բաժնի փոխարինող աշխատակցի հետ՝ նրան հրավիրելով կենտրոն: Աշխատակիցներն համակարգչի միջոցով քաղաքացուն կարող են տրամադրել կատարողական վարույթին առնչվող տեղեկատվություն, ընդունել դիմումներ, հայտարարություններ, տրամադրել խորհրդատվություն, առձեռն հանձնել վարույթի շրջանակներում կայացված որոշումները»,- նշել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տևական ժամանակ է՝ իրականացնում է համալիր բարեփոխումներ։ Առաջնային լուծում պահանջող խնդիրներից է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումը։ Այս ուղղությամբ վերջին 2 տարիների ընթացքում արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ․ ավելացվել են թեժ գծի զանգերն սպասարկող օպերատորների քանակը, ստեղծվել և հաջողությամբ գործում է «ՔոԱրգելանքը» արագ արձագանքման խումբը, ՀԿԱԾ-ի «www.cesa.am» պաշտոնական կայքէջում գործարկվել է Ծառայության հետ օպերատիվ էլեկտրոնային կապի գործիքակազմ։