Ինչի՞ համար է անհրաժեշտ իրավաբանական անձի ստեղծումը
Անձինք հասարակական հարաբերություններին մասնակցում են ոչ միայն որպես անհատներ, այլ նաև իրենց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ իրավաբանական անձանց միջոցով: Որպեսզի կազմակերպությունը ձեռք բերի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա ենթակա է պարտադիր պետական գրանցման: Իրավաբանական անձը հանդես է գալիս իր անունից, ունի սեփականության իրավունքով իրեն ամրակցված գույք և պատասխանատվություն է կրում այդ գույքով:
Պետական գրանցմումը թույլ է տալիս իրավաբանական անձին ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտականություններ, հանդես գալ երրորդ անձանց հետ հարաբերություններում, պաշտպանել իր իրավուքներն ու օրինական շահերը, ինչպես նաև ծառայել իր ստեղծման նպատակներին:
Ո՞ր մարմինն է կատարում պետական գրանցում
Իրավաբանական անձի պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցվող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և ֆինանսկան այլ կազմակերպություններ, այդ թվում դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները):
Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ իրավաբանական անձի գործունեության վայրից, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցումը կատարվում է Գործակալության Երևան քաղաքի սպասարկման գրասենյակի կողմից:
Ովքե՞ր կարող են դիմել պետական գրանցման համար
Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
ա) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
բ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ ընտրված հիմնադիրների կողմից:
Դիմել կարող է նաև դիմելու իրավունք ունեցող անձանց կողմից լիազորված ցանկացած անձ:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական գրանցման համար
Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում` ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն).
ե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Ի՞նչ կարգով են ներկայացվում պետական գրանցման փաստաթղթերը
Իրավաբանական անձի պետական գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա գրանցումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.amպաշտոնական կայքի միջոցով:
Ընդ որում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման դեպքում, եթե անձը (անձինք) ցանկանում է օգտվել ՍՊԸ-ի գրանցման համար հաստատված տիպային փաստաթղթերից, ներկայանում է Գործակալության սպասարկման համապատասխան գրասենյակ՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և Գործակալության աշխատակցին հայտնելով գրանցման համար անհրաժեշտ տեղեկություններ:
Ի՞նչ ժամկետում է կատարվում պետական գրանցումը
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվաընթացքում Գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիպային փաստաթղթերի հիման վրա պետական գրանցումը կատարվում էանմիջապես: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:
Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
Որքա՞ն է կազմում պետական գրանցման տուրքի դրույքաչափը
Առևտրային կազմակերպությունների պետական գրանցման գրանցման համար պետական տուրք չի գանձվում:
Ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160727, բացառությամբ կուսակցությունների:
Ո՞ր դեպքերում է պետական գրանցումը մերժվում
Իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքերն են`
ա) իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթեր չներկայացնելը.
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին.
դ) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպության հիմնադրի, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարի` օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելը.
ե) ֆիրմային անվանման անհամապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին, եթե ֆիրմային անվանման գրանցումը մերժվել է, և անձը չի ներկայացրել այլ անվանում:
Առևտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժելն արգելվում է:
Ի՞նչ կարգով է կատարվում պետական գրանցում կատարող մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկումը
Պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: