Ինչի՞ համար են կատարվում փոփոխությունները
Իրավաբանական անձը իր գործունեության ընթացքում, տարբեր հանգամանքներով պայմանավորված, կարող է կրել փոփոխություններ, որոնք ենթակա են պարտադիր պետական գրանցման: Որպես այդպիսիք կարող են լինել իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունը կամ լրացումը, գործադիր մարմնի ղեկավարի, կանոնադրային կապիտալի կամ գրանցման տվյալների փոփոխությունները, բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքերը և այլն: Նման փոփոխությունները ինչպես փոփոխություններ կրող իրավաբանական անձի, այնպես էլ երրորդ անձանց համար իրավական հետևանքներ կարող են առաջացնել միայն պետական գրանցման դեպքում:
Ո՞ր մարմինն է կատարում փոփոխությունների պետական գրանցում
Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մոտ կատարվող փոփոխությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և այլն):
Ո՞վ կարող է դիմել փոփոխությունները գրանցելու համար
Իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման համար դիմելու իրավունք ունի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ կամ օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ:
Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում
Փոփոխությունների պետական գրանցման համար դիմողը Գործակալություն է ներկայացնում`
ա) կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը.
բ) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն):
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում են`
ա) իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին.
բ) գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն:
Ի՞նչ կարգով է ներկայացվում փոփոխությունների պետական գրանցման դիմումը
Իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա: Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ի՞նչ ժամկետում է կտարվում փոփոխությունների գրանցումը
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում Գործակալությունը պետք է կատարի համապատասխան փոփոխության պետական գրանցումը:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ, մասնավորապես՝ <<Հասարակական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենք, <<Կուսակցությունների մասին>> ՀՀ օրենք և այլն:
Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:
Որքա՞ն է կազմում փոփոխությունների գրանցման պետական տուրքի դրույքաչափը
Առևտրային կազմակերպությունների փոփոխությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005160719:
Ոչ առևտրային կազմակերպությունների փոփոխությունների պետական գրանցման տուրքը կազմում է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005160727:
Ո՞ր դեպքում է փոփոխությունների պետական գրանցումը մերժվում
Իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են` ա) իրավաբանական անձի փոփոխությունների` օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների կամ նոր խմբագրությամբ կանոնադրության դրույթները օրենքին համապատասխանելու տեսանկյունից չեն ստուգվում.
գ) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:
Եթե դիմումը ներկայացնելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված:
Ի՞նչ կարգով է կատարվում փոփոխությունների պետական գրանցում կատարող մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկումը
Փոփոխությունների պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: