Ի՞նչպիսի իրավական հետևանքներ է առաջացնում իրավաբանական անձի լուծարումը
Իրավաբանական անձի գոյությունը դադարում է նրա լուծարմամբ` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իրավաբանական անձի լուծարման գործընթացն ավարտվում է պարտադիր պետական գրանցմամբ:
Ո՞ր մարմինն է կատարում լուծարման պետական գրանցում
Լուծարման պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց լուծարման դեպքերի (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և այլն):
Ի՞նչ կարգով է իրականացվում լուծարման գործընթացը
Մինչ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցում կատարելը իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը Գործակալությանը տեղեկացնում են լուծարման գործընթացում գտնվելու մասին՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը: Գործակալությունը, հիմք ընդունելով իրավաբանական անձի կողմից ներկայացված եղեկությունները, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում իրավաբանական անձի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին:
Ընդ որում, այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից, որին հաջորդում է սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը: Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին դիմումը կազմվում է տեղում՝ Գործակալության աշխատակցին ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա կամ էլեկտրոնային տարբերակով՝ համացանցի միջոցով: Նույն կերպ է ներկայացվում նաև իրավաբանական անձի լուծարման դիմումը:
Ո՞ր դեպքերում է իրավաբանական անձը լուծարվում
Իրավաբանական անձը կարող է լուծարվել`
ա) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
բ) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:
Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում լուծարման պետական գրանցման համար
Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`
Ի՞նչ եղանակով են ներկայացվում լուծարման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա լուծարման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ի՞նչ կարգով է կատարվում լուծարման պետական գրանցումը
Գործակալությունը մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված իրավաբանական անձի կողմից լուծարման մասին դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` վերջինիս կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:
Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:
Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին, ապա վերոնշյալ հարցումը հարկային մարմին չի ուղարկվում և լուծարման գրանցումը կատարվում է անմիջապես: Պահանջվող փաստաթղթերի ստուգումից և համապատասխան հավաստումները ստանալուց հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից:
Գանձվու՞մ է արդյոք պետական տուրք լուծարման գրանցման համար
Իրավաբանական անձի լուծարման դեպքում գանձվում է պետական տուրք՝ 10 հազար ՀՀ դրամի չափով:
Որո՞նք են լուծարման գրանցումը մերժելու դեպքերը
Իրավաբանական անձի լուծարման գրանցումը մերժելու հիմքերն են`
ա) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
բ) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
գ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
դ) պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների կամ իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին հստակ պատասխան ստանալը:
Ի՞նչ կարգով է կատարվում լուծարման պետական գրանցում կատարող մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկումը
Լուծարման պետական գրանցումը մերժելը, պետական գրանցում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: