Ինչի՞ համար են ստեղծվում ստորաբաժանումները և հիմնարկները
Որպես իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ կարող են հանդես գալ ներկայացուցչություններն ու մասնաճյուղերը: Ներկայացուցչությունն իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս՝ ներկայացնելով վերջինիս շահերը և իրականացնելով դրանց պաշտպանությունը: Մասնաճյուղը նույնպես տեղակայված է իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս, իրականացնում է իրավաբանական անձի կողմից իրեն վերապահված գործառույթները՝ ներառյալ ներկայացուցչությունը: Հիմնարկ է համարվում ոչ առևտրային բնույթի գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը:
Ո՞ր մարմինն է իրականացնում ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում
Որպեսզի իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները հանդես գան իրավահարաբերության առանձին սուբյեկներ, նրանք ենթակա են պարտադիր պետական հաշվառման, որը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և այլն):
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառման համար
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
բ) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Ի՞նչ կարգով է ներկայացվում հաշվառման դիմումը
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման մասին դիմումը կազմվում է տեղում Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա: Պետական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է գործակալություն թղթային կրիչի վրա անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա պետական հաշվառման համար դիմումը կարող է ներկայացվել համացանցի օգնությամբ՝https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Ի՞նչ կարգով է կատարվում պետական հաշվառումը
Ներկայացված փաստաթղթերը ստանալուց հետո` առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում, Գործակալությունում դրանք ուսումնասիրվում են, և պետական հաշվառումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում տեղեկատվական համակարգը նրան շնորհում է հաշվառման համար, և անհրաժեշտ տեղեկությունները տեղեկատվական համակարգի միջոցով գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:
Ընդ որում, առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:
Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը հաշվառված է համարվում, իսկ փոփոխությունները` կատարված, միասնական պետական գրանցամատյանում համապատասխան գրառում(ներ)ը կատարելու պահից:
Որքա՞ն է կազմում պետական հաշվառման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը
Առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման տուրքը կազմում է12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005160719:
Ոչ առևտրային կազմակերպությունների ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետևյալ գանձապետական հաշվին՝ 900005160727:
Հիմնարկների հաշվառման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160743:
Ո՞ր դեպքում է մերժվում պետական հաշվառում կատարելը
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
Ի՞նչ կարգով է կատարվում պետական հաշվառում կատարող մարմնի գործողությունների (անգործության) բողոքարկումը
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը մերժելը, պետական հաշվառում կատարելուց խուսափելը, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրելուց խուսափելը վերադասության կարգով կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան: